Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սևի ու սպիտակի ընտրություն Իրանում

Սևի ու սպիտակի ընտրություն Իրանում
20.05.2017 | 15:09

Իրանի նախագահական ընտրություններում կատարված «գունաբաժանումը» սևի ու սպիտակի պայմանական է՝ այաթոլա, սեիդ Իբրահիմ Ռաիսին սև խույր է կրում և նրան համարում են սև թեկնածու, աստվածաբան Հասան Ռոհանին սպիտակ խույրի պատճառով՝ սպիտակ թեկնածու: Բայց սևի ու սպիտակի այս բաժանումը ունի նաև քաղաքական երանգ՝ պահպանողականության ու ազատականության սահմանաբաժանումով: Մայիսի 19-ի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով առաջատարը նախագահ Հասան Ռոհանին է՝ հաղորդել է Իրանի ներքին գործերի նախարարությունը: 26 միլիոն քվեաթերթիկներից Ռոհանին ստացել է 14,6 միլիոնը, Իբրահիմ Ռաիսին՝ 10,1 միլիոնը:

Նա վայելում է Իրանի հոգևոր առաջնորդի աջակցությունը և արդեն բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել: Ռաիսին Ռոհանիի կողմնակիցներին մեղադրել է ընտրատեղամասերում քարոզչության մեջ, որ արգելված է օրենքով: Իրանի իշխանությունները ստիպված էին հինգ ժամով երկարացնել ընտրություններին հատկացած ժամանակը, որ բոլոր ցանկացողները հասցնեն ընտրել: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 70 %-ը՝ 40 միլիոն:
Հասան Ռոհանին նախագահ է ընտրվել 2013-ին՝ խոստանալով Իրանը դուրս բերել միջազգային մեկուսացումից և ազատ հասարակություն ձևավորել: Երկու տարի անց Իրանի կառավարությունը պատմական համաձայնագիր կնքեց վեց պետությունների հետ՝ համաձայնելով մասնակի կրճատել իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների վերացման դիմաց: Իբրահիմ Ռաիսին պահպանողական հոգևորական է և սեիդ՝ իր տոհմածառը սկսում է Մուհամեդ մարգարեից: Համարվում է, որ նա փոխզիջումների գնալու հակված չէ: Նախագահն Իրանում ընտրվող բարձրագույն պաշտոնյան է և վարչապետը, ավելի մեծ իշխանություն ունի Հոգևոր առաջնորդը՝ նրա վերահսկողության տակ են արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, դատական համակարգը, պետական հեռուստատեսությունը և այլ առանցքային կառույցներ:


Նախագահական ընտրություններից առաջ և բարեփոխիչները, և պահպանողականները հնարավորն արեցին հաղթանակի համար: Վեց թեկնածուներից հիմնական պայքարը Հասան Ռոհանիի և Իբրահիմ Ռաիսիի միջև էր:
Իբրահիմ Ռաիսին պահպանողական հոգևորական է, 56 տարեկան: Նա աստվածաբան է և կոշտ միջոցների կողմնակից: Ռաիսին հաջողակ կարիերա է ունեցել իրավագիտության մեջ և 25 տարեկանում դարձել Թեհրանի դատախազի տեղակալ: 1988-ին նա մեկն էր «մահվան հանձնաժողովների» չորս դատավորներից, որ մահվան դատապարտեցին չորս հազար քաղբանտարկյալների:
2010-ին Ռաիսին անձամբ է մահվան դատապարտել ինը ցուցարարների: Նրան աջակցում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Համենեին, բայց կա մի նրբերանգ՝ այաթոլան վատառողջ է: Ռաիսիի անունը քիչ է հիշտակվում Իրանի պետական լրատվամիջոցներում, փոխարենը ակտիվ քննարկվում է սոցցանցերում և հեռուստաալիքներով, որ գործում են Իրանից դուրս:


Հասան Ռոհանիի քաղաքական բառապաշարի առանցքային բառը չափավորականությունն է: Ընտրարշավի ընթացքում Ռոհանիի հենարանը բարեփոխիչներն էին՝ նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիի գլխավորությամբ (1997-2005): «Չնայած պրոբլեմներին, բարդություններին ու ակնկալիքների բեռին՝ Ռոհանիի նախագահությունը շատ հաջող էր: Նրան ձայն տալով՝ մենք քվեարկում ենք հանուն մտքի ազատության, արդարադատության, երկխոսության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության»՝ հայտարարեց Խաթամին: Նա թվարկել է և Ռոհանիի հաջողությունները ինֆլյացիայի դեմ պայքարում, որը տարեկան 40 %-ից կրճատվել է 9,5 %-ի: Հասան Ռոհանին շիա աստվածաբան և իրավագետ է, դոկտորական թեզը պաշտպանել է Գլազգոյի Կալեդոնի համալսարանում, տիրապետում է արաբերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, ռուսերենին: Իրանի նորագույն պատմության մեջ բոլոր նախագահներն էլ մինչև հիմա պաշտոնավարել են երկու ժամկետով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փորձագետների գնահատականով՝ ով էլ ընտրվի նախագահ Իրանում, հայ-իրանական հարաբերություններում շրջադարձային փոփոխություններ չեն լինի: Գուցե: Բայց աշխարհաքաղաքական հարաբերություններում Ռոհանի, թե Ռաիսի ընտրությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ Իրանի նկատմամբ հետագա քաղաքականության հարցում: Պահպանողական Ռաիսին վարելու է այն քաղաքականությունը, որ տասը տարի վարեց Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ում Գերագույն հոգևոր խորհուրդը մերժեց նախագահի թեկնածու գրանցել, ում նախագահության ընթացքում Իրանի մեկուսացումը խորացավ, միջազգային պատժամիջոցները չհաշված: Միջուկային համաձայնագրից հետո Իրանին պետք են մեծ ներդրումներ տնտեսության հնացած ենթակառուցվածքները նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներով փոխարինելու համար: Իբրահիմ Ռաիսին այդ խնդիրը կլուծի շատ ավելի դժվար, քան Հասան Ռոհանին, որ նախագահ դառնալուց առաջ եղել է միջուկային համաձայնագրի գլխավոր բանակցողը: Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալուց հետո տարածաշրջանում մեծացել է Իսրայելի դերը, որ նշանակում է ազդեցության գոտիների վերաբաժանում:


Դատելով նախագահական ընտրությունների նախնական արդյուքներից՝ չի բացառվում, որ Իրանի նախագահն ընտրվի երկրորդ փուլում, եթե բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից հետո երկու թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50+1 ձայն:

Դիտվել է՝ 1153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ